bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-nea
/
Proverbs 15
Proverbs 15
armenian-nea
1
Բարկությունը կործանում է իմաստուններին։ Քաղցր պատասխանը մեղմացնում է սրտմտությունը, իսկ խիստ խոսքը բարկություն է բարձրացնում։
2
Իմաստունների լեզուն գիտի բարին, անզգամների բերանը պատմում է չարիքներ։
3
Տիրոջ աչքն ամեն տեղ դիտում է չարերին և բարիներին։
4
Լեզվի հոգածությունը կյանքի ծառ է. ով հսկում է այն, իր հոգին պիտի լցվի։
5
Անզգամն անարգում է հոր խրատը, իսկ ով ընդունում է հանդիմանությունը, խորագետ է։
6
Արդարության բազմացումով շատանում է զորությունը, իսկ ամբարիշտները արմատախիլ լինելով պիտի կորչեն երկրից։ Արդարների տները պիտի մնան մեծ զորությամբ, իսկ ամբարիշտների պտուղները պիտի կորչեն։
7
Իմաստունների շուրթերը շաղ են տալիս իմաստություն, իսկ անմիտների սրտերը չեն կարող հաստատ լինել։
8
Ամբարիշտների զոհերը պիղծ են Տիրոջ առջև, ուղղամիտների աղոթքն ընդունելի է նրան։
9
Ամբարիշտների ճանապարհները պիղծ են Տիրոջ առջև, իսկ ով արդարությանն է հետևում, Տերը սիրում է նրան։
10
Անմեղի խրատն ընդունելի է մերձավորներին, իսկ ով ատում է հանդիմանությունը, պիտի վախճանվի անարգանքով։
11
Դժոխքն ու կործանումը հայտնի են Տիրոջ առջև, ինչո՞ւ ոչ՝ նաև մարդկանց սրտերը։
12
Անուղղելին չի սիրում իրեն հանդիմանողին և չի խոսում իմաստունների հետ։
13
Սրտի բերկրանքից ծաղկում է դեմքը, իսկ տրտում հոգին՝ թախծալի շրջում։
14
Ուղիղ սիրտը փնտրում է իմաստությունը, անխրատ մարդկանց բերանը չարիքի է հանդիպելու։
15
Չարի աչքերը ամեն ժամ սպասում են չարիքների, իսկ բարիները պիտի հանդարտվեն ամեն ժամ։
16
Լավ է քիչը՝ Տիրոջ հանդեպ երկյուղով, քան թե մեծ գանձը՝ աներկյուղածությամբ։
17
Լավ է բանջարեղենի ճաշը՝ սիրով ու շնորհով, քան թե պարարտ արջառի միսը՝ թշնամությամբ։
18
Բարկացող մարդը կռիվ է հարուցում, իսկ երկայնամիտը խաղաղեցնում է եկող կռիվը։ Երկայնամիտ մարդը մեղմում է դատաստանը, իսկ ամբարիշտը ավելի է գրգռում։
19
Ծույլերի ճանապարհները ծածկված են փշերով, իսկ ժիրերինը՝ բաց են։
20
Իմաստուն որդին ուրախացնում է հորը, անմիտ որդին արհամարհում է մորը։
21
Անմիտի սիրտը կարոտ է իմաստության, իմաստուն մարդն ընթանում է ուղիղ ճանապարհով։
22
Նրանք ուշացնում են իրենց խորհուրդները, չեն պատվում իրենց խորհրդակիցներին։ Խորհուրդը խոհական սրտում է հաստատ մնում։
23
Անզգամը նրան չի հնազանդվում և չի ասում պատշաճ բան, որ բարի լինի բոլորի համար։
24
Իմաստունի խորհուրդը կյանքի ճանապարհ է, որովհետև խորշելով դժոխքից՝ կփրկվի։
25
Տերը կործանում է ոխակալների տները և հաստատ է պահում սահմանը որբերի և այրիների։
26
Անիրավ խորհուրդը պիղծ է Տիրոջ առջև, սրբերի խոսքերը պարկեշտ են։
27
Կաշառք վերցնողը սպանում է իր հոգին, իսկ ով ատում է կաշառքը, պիտի փրկվի։ Ողորմությամբ ու հավատքով սրբվում է մեղքը, Տիրոջից երկյուղով յուրաքանչյուրը խորշում է չարից։
28
Արդարների սրտերը խոկում են հավատքի մասին, իսկ ամբարիշտի բերանը չարիք է պատասխանում։ Արդար մարդկանց ճանապարհները հաճելի են Տիրոջ առջև. նրանց շնորհիվ թշնամիները դառնում են բարեկամներ։
29
Ամբարիշտներից հեռու է Աստված և լսում է արդարների աղոթքը։ Լավ է քիչ շահելն արդարությամբ, քան թե շատ արդյունքը՝ աներկյուղածությամբ։
30
Մարդու սիրտը պիտի խորհի իրավունքի մասին, որպեսզի Աստված ուղղի նրա ընթացքը։
31
Բարին տեսնող աչքը ուրախացնում է սիրտը, բարի համբավը զորացնում է ոսկորները։
32
Խրատ մերժողն ատում է իր անձը, ով ընդունում է հանդիմանություն, խոհեմություն պիտի ստանա։
33
Տիրոջից երկյուղը խրատ է և իմաստություն, և փառքի սկիզբը պատշաճում է նրան։
← Chapter 14
Chapter 16 →