bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-nea
/
Micah 4
Micah 4
armenian-nea
1
Եվ կլինի, որ վերջին օրերին կհայտնվի Տիրոջ լեռը՝ հաստատված լեռների գագաթների վրա. կբարձրանա բլուրների վրա, և շատ ժողովուրդներ կշտապեն դեպի նա։
2
Եվ շատ ազգեր կգնան ու կասեն. «Եկե՛ք ելնենք Տիրոջ լեռը և Հակոբի Աստծու տունը. մեզ ցույց կտան նրա ճանապարհները, և կգնանք նրա շավիղներով»։ Քանի որ Սիոնից կելնեն օրենքները, և Տիրոջ խոսքը՝ Երուսաղեմից։
3
Դատաստան կանի բազում ժողովուրդների մեջ և կհանդիմանի հզոր ազգերին մինչև հեռավորները. իրենց սրերից խոփեր կկոփեն, և իրենց գեղարդներից՝ մանգաղներ, և այլևս ազգն ազգի վրա սուր չի բարձրացնի, և այլևս չեն սովորի պատերազմել։
4
Յուրաքանչյուրը կհանգստանա իր որթատունկի տակ և իր թզենու ներքո, և չի լինի մեկը, որ զարհուրեցնի, քանի որ Ամենակալ Տիրոջ բերանը խոսեց սա։
5
Եթե բոլոր ժողովուրդներն ընթանան յուրաքանչյուրն իր ճանապարհներով, մենք, սակայն, կընթանանք Տիրոջ՝ մեր Աստծու անունով հավիտյանս և մշտապես։
6
«Այն օրը,- ասում է Տերը,- կհավաքեմ փշրվածին և կընդունեմ հեռացածին ու նրանց, որոնց մերժեցին.
7
կոտրվածին կդարձնեմ որպես մնացորդ և փշրվածին՝ հզոր ազգ, և Տերը նրանց կթագավորի Սիոն լեռան վրա այսուհետև մինչև հավիտյան։
8
Եվ դո՛ւ, հոտի՛ աշտարակ, Սիոնի՛ խավար դուստր, Բաբելոնից կգա քեզ վրա Երուսաղեմի դստեր թագավորության առաջին իշխանությունը և ներս կմտնի»։
9
Եվ արդ, ինչո՞ւ ճանաչեցիր չարը, մի՞թե դու թագավոր չունեիր, կամ թե անհետացա՞վ քո խորհրդատուն, քանի որ սաստկացավ քո երկունքը՝ ինչպես ծննդկանինը։
10
Երկնի՛ր, զորացի՛ր և մոտեցի՛ր, Սիոնի՛ դուստր, ինչպես ծննդկան, որովհետև հիմա պիտի ելնես քաղաքից, և քեզ կբնակեցնեմ դաշտում. կհասնես մինչև Բաբելոն, և Տերը՝ քո Աստվածը, այնտեղից կփրկի քեզ և այնտեղից կազատի քեզ քո թշնամիների ձեռքից։
11
Եվ արդ հավաքվեցին քո դեմ բազում ազգեր, որոնք ասում էին. «Եկե՛ք ծաղրենք, և մեր աչքերը թող տեսնեն Սիոնը»։
12
Նրանք չիմացան Տիրոջ միտքը և չհասկացան նրա կամքը, քանի որ հավաքեց նրանց, ինչպես հասկը՝ կալի համար։
13
«Կանգնի՛ր և կալսի՛ր նրանց, Սիոնի՛ դուստր, որովհետև քո եղջյուրները երկաթե կդարձնեմ, քո կճղակները՝ պղնձե, և կխորտակես բազում ժողովուրդների, դրանցով ազգեր կփշրես, նրանց առատությունը կմատուցես Տիրոջը և նրանց զորությունը՝ Ամենակալ Տիրոջը»։
14
Արդ, դուստրը կպաշարվի ցանկապատով, քանի որ նեղություն բերեց ձեզ վրա. գավազանով կհարվածեն Իսրայելի ցեղերի ծնոտներին։
← Chapter 3
Chapter 5 →