bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-2018
/
Psalms 72
Psalms 72
armenian-2018
1
Ո՜վ Աստված, քո իրավունքները թագավորի՛ն տուր և քո արդարությունը՝ թագավորի որդուն։
2
Նա արդարությամբ պիտի դատի քո ժողովրդին, և քո խեղճերին՝ իրավունքով։
3
Լեռները խաղաղություն պիտի բուսցնեն ժողովրդի համար, և բլուրները՝ լցվեն արդարությամբ։
4
Նա պիտի տա ժողովրդի աղքատների իրավունքը, խեղճերի որդիներին պիտի փրկի և պիտի ջարդի զրկողներին.
5
Քեզնից պիտի վախենան, քանի կա արեգակը, և լուսնի առջև՝ ազգից մինչև ազգ։
6
Պիտի ցած գա, ինչպես անձրևը հնձած խոտի վրա, ինչպես շաղը, որ ոռոգում է երկիրը։
7
Նրա օրերին արդարը պիտի ծաղկի, և մեծ խաղաղություն պիտի լինի, մինչև այլևս լուսին էլ չլինի։
8
Ծովից մինչև ծով նա պիտի տիրի և Եփրատ գետից մինչև երկրի ծայրերը։
9
Նրա առջև պիտի խոնարհվեն անապատում բնակվողները, և նրա թշնամիները փոշի պիտի լիզեն։
10
Թարսիսի և կղզիների թագավորներն ընծա պիտի մատուցեն, պարգևներ պիտի բերեն Շաբայի և Սաբայի թագավորները։
11
Բոլոր թագավորները պիտի երկրպագեն նրան, բոլոր ազգերը պիտի ծառայեն նրան։
12
Որովհետև նա պիտի փրկի խեղճին, որ աղաղակում է, և աղքատին, որ օգնական չունի։
13
Նա պիտի խղճա տկարին և խեղճին և պիտի ազատի խեղճերի անձերը։
14
Նրանց անձերը պիտի փրկի նենգությունից և բռնությունից, և նրանց արյունը պիտի պատվական լինի իր առաջ։
15
Նա պիտի ապրի, և նրան ոսկի պիտի տան Շաբայի ոսկուց և ամեն ժամանակ պիտի աղոթք անեն նրա համար, ամեն օր պիտի օրհնեն նրան։
16
Ցորենի առատություն պիտի լինի երկրի մեջ՝ լեռների գագաթների վրա. նրա պտուղը պիտի շարժվի, ինչպես Լիբանանը, և քաղաքից պիտի ծաղկեն, ինչպես երկրի խոտը։
17
Նրա անունը հավիտյան թող լինի, քանի դեռ կա արեգակը, նրա անունը կմնա, և կօրհնվեն նրանով, և բոլոր ազգերը երանի կտան նրան։
18
Օրհնյա՜լ է Տեր Աստվածը՝ Իսրայելի Աստվածը, որ միայն ինքն է հրաշք գործում։
19
Օրհնյա՜լ է հավիտյան նրա փառավոր անունը, և թող ողջ երկիրը լցվի նրա փառքով. ամեն, ամեն։
20
Վերջացան Հեսսեի որդու՝ Դավթի աղոթքները։
← Chapter 71
Chapter 73 →