bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-2018
/
Leviticus 9
Leviticus 9
armenian-2018
1
Ութերորդ օրը Մովսեսը կանչեց Ահարոնին, նրա որդիներին և Իսրայելի ծերերին։
2
Նա ասաց Ահարոնին. «Վերցրո՛ւ մեղքի զոհաբերության համար արջառներից մի զվարակ և ողջակեզի համար մի խոյ, որ անարատ լինեն, և ներկայացրո՛ւ Տիրոջ առաջ։
3
Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ՝ ասելով. “Վերցրե՛ք մեղքի զոհաբերության համար այծերից մի նոխազ և ողջակեզի համար մի զվարակ և մեկ տարեկան մի գառ։ Թող անարատ լինեն։
4
Նաև մի արջառ և մի խոյ՝ զոհելու համար Տիրոջ առաջ իբրև խաղաղության զոհ, և յուղով հունցված հացի ընծա. որովհետև այսօր Տերը երևալու է ձեզ”»։
5
Նրանք առան Մովսեսի պատվիրածն ու բերեցին ժողովի վրանի առաջ, և ամբողջ ժողովուրդը մոտեցավ ու կանգնեց Տիրոջ առաջ։
6
Մովսեսն ասաց. «Ա՛յս է Տիրոջ պատվիրածը. կատարե՛ք այս, և Տիրոջ փառքը կերևա ձեզ»։
7
Եվ Մովսեսն ասաց Ահարոնին. «Մոտեցի՛ր զոհասեղանին և մատուցի՛ր քո մեղքի զոհն ու ողջակեզը և քավությո՛ւն արա քեզ համար և ժողովրդի համար։ Մատուցի՛ր նաև ժողովրդի զոհը և քավությո՛ւն արա նրանց համար, ինչպես պատվիրել է Տերը»։
8
Ահարոնը մոտեցավ զոհասեղանին և մորթեց իր համար եղած մեղքի զվարակը։
9
Ահարոնի որդիները արյունը բերեցին նրա մոտ. նա իր մատը թաթախեց արյան մեջ, քսեց զոհասեղանի եղջյուրներին, իսկ մնացած արյունը թափեց զոհասեղանի պատվանդանին։
10
Բայց մեղքի զոհի ճարպը, երիկամները և լյարդի թաղանթը այրեց զոհասեղանի վրա, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։
11
Իսկ միսն ու մորթին կրակով այրեց բանակատեղիից դուրս։
12
Եվ մորթեց ողջակեզը։ Ահարոնի որդիները արյունը ներկայացրին նրան, և նա շուրջանակի այն շաղ տվեց զոհասեղանի վրա։
13
Նրանք ողջակեզը նրան ներկայացրին կտոր-կտոր արած, նաև գլուխը, և նա այրեց զոհասեղանի վրա։
14
Լվաց փորոտիքն ու ոտքերը և դրանք այրեց զոհասեղանի վրայի ողջակեզի վրա։
15
Մոտեցրեց ժողովրդի ընծան և առավ ժողովրդի համար մեղքի զոհի նոխազը, մորթեց այն և մեղքի զոհ արեց նախորդի նման։
16
Մոտեցրեց ողջակեզը և զոհաբերեց այն ըստ կանոնի։
17
Մոտեցրեց հացի ընծան, մի բուռ վերցրեց դրանից և այրեց զոհասեղանի վրա, բացի առավոտյան ողջակեզից։
18
Մորթեց ժողովրդի խաղաղության զոհի արջառն ու խոյը, և Ահարոնի որդիները արյունը ներկայացրին նրան, և նա շուրջանակի այն շաղ տվեց զոհասեղանի վրա։
19
Իսկ արջառից՝ ճարպը, խոյից՝ դմակն ու փորոտիքը ծածկող ճարպը, երիկամներն ու լյարդի թաղանթը,
20
և ճարպերը դրեցին կրծքերի վրա, և նա ճարպերն այրեց զոհասեղանի վրա։
21
Ահարոնը կրծքերն ու աջ զիստը երերացնելու զոհ մատուցեց Տիրոջ առաջ, ինչպես որ պատվիրել էր Մովսեսը։
22
Ահարոնն իր ձեռքերը բարձրացրեց ժողովրդի վրա, օրհնեց նրանց և մեղքի զոհը, ողջակեզը և խաղաղության զոհը մատուցելուց հետո ներքև իջավ։
23
Մովսեսն ու Ահարոնը մտան ժողովի վրանը և դուրս գալով՝ օրհնեցին ժողովրդին։ Եվ Տիրոջ փառքը երևաց ամբողջ ժողովրդին։
24
Տիրոջ առջևից կրակ դուրս եկավ և այրեց զոհասեղանի վրայի ողջակեզն ու ճարպերը, և ամբողջ ժողովուրդը, տեսնելով այդ, աղաղակեց և ընկավ երեսի վրա։
← Chapter 8
Chapter 10 →