bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-2018
/
Leviticus 10
Leviticus 10
armenian-2018
1
Ահարոնի որդիները՝ Նադաբն ու Աբիուդը, ամեն մեկը իր բուրվառը վերցնելով, դրանց մեջ կրակ դրեցին, վրան խունկ լցրին և Տիրոջ առաջ օտար կրակ մատուցեցին, որ նա չէր պատվիրել նրանց։
2
Տիրոջ առջևից կրակ դուրս ելավ, այրեց նրանց, և նրանք մեռան Տիրոջ առաջ։
3
Մովսեսն ասաց Ահարոնին. «Սա այն է, որ խոսեց Տերը՝ ասելով. “Ինձ մոտեցողներով պիտի սրբագործվեմ և պիտի փառավորվեմ ամբողջ ժողովրդի առաջ”»։ Ահարոնը լուռ մնաց։
4
Մովսեսը կանչեց Ահարոնի հորեղբայր Ոզիելի որդիներին՝ Միսայելին և Եղիսափանին, և ասաց նրանց. «Մոտեցե՛ք, ձեր եղբայրներին սրբարանից հանե՛ք և բանակատեղիից դո՛ւրս տարեք»։
5
Նրանք մոտեցան և բանակատեղիից դուրս տարան նրանց՝ շապիկներից բռնած։
6
Մովսեսն ասաց Ահարոնին ու նրա որդիներին՝ Եղիազարին և Իթամարին. «Ձեր գլուխները մի՛ բացեք և ձեր հագուստները մի՛ պատառոտեք, որպեսզի չմեռնեք, և բարկություն չիջնի ամբողջ ժողովրդի վրա։ Թող ձեր եղբայրները՝ Իսրայելի ամբողջ տունը, լաց լինեն Տիրոջ արած հրակիզության վրա։
7
Դուք ժողովի վրանի մուտքից դուրս մի՛ եկեք, որպեսզի չմեռնեք, որովհետև Տիրոջ օծության յուղը ձեզ վրա է»։ Եվ նրանք արեցին Մովսեսի խոսքի համաձայն։
8
Տերը խոսեց Ահարոնի հետ՝ ասելով.
9
«Տիրոջ ժողովի վրանը մտնելիս գինի և օղի չխմեք, ո՛չ դու և ո՛չ էլ քեզ հետ եղած քո որդիները, որպեսզի չմեռնեք։ Դա հավիտենական կանոն թող լինի ձեր սերունդների մեջ,
10
որպեսզի տարբերեք սուրբը պիղծից, մաքուրը անմաքուրից
11
և Իսրայելի որդիներին սովորեցնեք այն բոլոր կանոնները, որոնց մասին Տերը Մովսեսի միջոցով խոսել է նրանց հետ»։
12
Մովսեսը խոսեց Ահարոնի և նրա ողջ մնացած որդիների՝ Եղիազարի և Իթամարի հետ՝ ասելով. «Տիրոջ զոհաբերություններից ավելացած հացի ընծան առե՛ք և բաղա՛րջ կերեք զոհասեղանի մոտ, որովհետև դա ամենասուրբ է։
13
Այն կերե՛ք սուրբ վայրում, որովհետև Տիրոջ զոհաբերություններից քո իրավունքն է և քո որդիների իրավունքը, որովհետև ինձ այդպես է պատվիրված։
14
Դու և քեզ հետ քո որդիներն ու քո աղջիկները մի մաքուր վայրում պիտի ուտեք երերացնելու կուրծքը և բարձրացնելու զիստը, որովհետև Իսրայելի որդիների խաղաղության զոհերից դրանք տրվում են իբրև քո իրավունքը և քո որդիների իրավունքը։
15
Բարձրացնելու զիստը և երերացնելու կուրծքը ճարպի զոհերի հետ թող բերեն Տիրոջ առաջ երերացնելու համար. դրանք կլինեն քոնը և քեզ հետ քո որդիներինը հավիտենական կանոնով, ինչպես որ պատվիրել է Տերը»։
16
Մովսեսը զգուշությամբ փնտրեց մեղքի զոհի նոխազը, բայց այն արդեն այրված էր։ Նա Ահարոնի մնացած որդիների՝ Եղիազարի և Իթամարի վրա բարկացավ՝ ասելով.
17
«Ինչո՞ւ սուրբ վայրում չկերաք մեղքի զոհը. որովհետև դա ամենասուրբ է, և Տերը այն տվեց ձեզ, որ վերացնեք ժողովրդի անօրենությունը և քավություն տաք նրան Տիրոջ առաջ։
18
Ահա դրա արյունը սրբարանի ներսը չբերվեց։ Դուք այն պետք է ուտեիք սուրբ վայրում, ինչպես պատվիրել էի ձեզ»։
19
Ահարոնն ասաց Մովսեսին. «Ահա այսօր նրանք իրենց մեղքի զոհը և ողջակեզը մատուցեցին Տիրոջ առաջ, և այսպիսի բաներ պատահեցին, և եթե այսօր ուտեի մեղքի զոհից, դա հաճելի կլինե՞ր արդյոք Տիրոջ աչքին»։
20
Մովսեսը լսեց և հավանեց։
← Chapter 9
Chapter 11 →