bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-2018
/
Jeremiah 25
Jeremiah 25
armenian-2018
1
Խոսքը, որ հասավ Երեմիային ամբողջ Հուդայի ժողովրդի մասին՝ Հուդայի թագավոր Հովսիայի որդի Հովակիմի չորրորդ տարում, որ Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորի առաջին տարին էր,
2
որը Երեմիա մարգարեն ասաց ամբողջ Հուդայի ժողովրդին և Երուսաղեմի բոլոր բնակիչներին.
3
«Հուդայի թագավոր Ամմոնի որդի Հովսիայի տասներեքերորդ տարուց մինչև այսօր ահա քսաներեք տարի է՝ Տիրոջ խոսքը հասել է ինձ, և ես խոսել եմ ձեզ հետ կրկին ու կրկին, բայց դուք չանսացիք։
4
Եվ Տերը կրկին ու կրկին ձեզ մոտ ուղարկեց իր բոլոր ծառաներին՝ մարգարեներին, բայց դուք չանսացիք և ականջ չդրեցիք։
5
Նրանք ասում էին. “Ամեն մեկդ հե՛տ դարձեք ձեր չար ճանապարհից և ձեր չար գործերից, և դուք կբնակվեք այն երկրում, որ Տերը հավիտյանս տվեց ձեզ և ձեր հայրերին։
6
Մի՛ գնացեք ուրիշ աստվածների հետևից՝ նրանց ծառայելու և նրանց երկրպագելու համար, և ձեր ձեռքի գործերով մի՛գրգռեք իմ բարկությունը, և ես չարիք չեմ անի”։
7
Բայց դուք ինձ չլսեցիք,- ասում է Տերը,- որպեսզի գրգռեք իմ բարկությունը ձեր ձեռքի գործերով՝ ի վնաս ձեզ»։
8
Ուստի այսպես է ասում Զորությունների Տերը. «Որովհետև դուք չլսեցիք իմ խոսքերը,
9
ահա ես կկանչեմ և կբերեմ հյուսիսի բոլոր ազգատոհմերին,- ասում է Տերը,- նաև Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորին՝ իմ ծառային, և նրանց կբերեմ այս երկրի վրա և նրա բնակիչների վրա ու շրջակա այս բոլոր ազգերի վրա և նրանց կբնաջնջեմ, նրանց ամայություն, սուլելու առարկա և հավիտենական ավերակներ կդարձնեմ։
10
Եվ նրանց միջից կվերացնեմ ցնծության ձայնը և ուրախության ձայնը, փեսայի ձայնը և հարսի ձայնը, աղորիքի աղալու ձայնը և ճրագի լույսը։
11
Եվ այս ամբողջ երկիրն ավերակ ու ամայի կդառնա, և այս ազգերը յոթանասուն տարի պետք է ծառայեն Բաբելոնի թագավորին։
12
Եվ երբ յոթանասուն տարին լրանա, նրանց անօրինության համար ես կպատժեմ Բաբելոնի թագավորին և այն ազգին, նաև քաղդեացիների երկրին և հավիտենական ամայություն կդարձնեմ»,- ասում է Տերը։
13
«Ես այն երկրի վրա կբերեմ իմ այն բոլոր խոսքերը, որոնք ասել եմ նրա դեմ, այս գրքի մեջ ամբողջ գրվածը, որ բոլոր ազգերի դեմ մարգարեացել է Երեմիան։
14
Որովհետև շատ ազգեր և մեծ թագավորներ պիտի ստրկացնեն նրանց, և ես նրանց պիտի հատուցեմ իրենց արարքի համեմատ և իրենց ձեռքի գործերի համեմատ»։
15
Որովհետև Տերը՝ Իսրայելի Աստվածը, այսպես է ասում ինձ. «Վերցրո՛ւ իմ ձեռքից զայրույթի գինու բաժակը և խմեցրո՛ւ այն բոլոր ազգերին, որոնց մոտ ես ուղարկում եմ քեզ։
16
Եվ նրանք պիտի խմեն ու տատանվեն և ցնորվեն այն սրի պատճառով, որ ես ուղարկում եմ նրանց մեջ»։
17
Եվ ես բաժակն առա Տիրոջ ձեռքից և խմեցրի բոլոր ազգերին, որոնց մոտ Տերն ուղարկեց ինձ՝
18
Երուսաղեմին և Հուդայի քաղաքներին, նրա թագավորներին ու նրա իշխաններին, որպեսզի նրանց ավերակ, ամայություն և երկարատև սուլելու առարկա ու նզովք դարձնի, ինչպես որ է այսօր,
19
Եգիպտոսի թագավորին՝ փարավոնին, և նրա ծառաներին, նրա իշխաններին ու նրա ամբողջ ժողովրդին
20
և բոլոր խառնածինների ժողովրդին և Հուս երկրի բոլոր թագավորներին և փղշտացիների երկրի բոլոր թագավորներին՝ Ասկաղոնին, Գազային, Ակկարոնին և Ազովտոսի մնացորդներին,
21
Եդովմին, Մովաբին և Ամմոնի որդիներին,
22
Տյուրոսի բոլոր թագավորներին և Սիդոնի բոլոր թագավորներին և ծովեզրյա թագավորներին, որ ծովի այն կողմում են,
23
Դեդեանին և Թեմային և Բուզին, մորուքների ծայրը կտրող բոլորին,
24
Արաբիայի բոլոր թագավորներին և խառնածինների բոլոր թագավորներին, որոնք անապատում են բնակվում։
25
Եվ Զամբրիի թագավորներին և Եղամի բոլոր թագավորներին, մարերի բոլոր թագավորներին
26
և հյուսիսի բոլոր թագավորներին՝ իրար մոտիկ թե հեռու, և աշխարհի բոլոր թագավորություններին, որ երկրի երեսին են. և նրանցից հետո թող խմի Սիսակ թագավորը։
27
Եվ նրանց ասա՛. «Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Խմե՛ք ու հարբե՛ք, փսխե՛ք, ընկե՛ք և մի՛ կանգնեք այն սրի պատճառով, որ ես ձեր մեջ եմ ուղարկում”»։
28
Իսկ եթե մերժեն քո ձեռքից բաժակը վերցնել խմելու համար, այն ժամանակ դու նրանց ասա՛. «Այսպես է ասում Զորությունների Տերը. “Անպատճառ պիտի խմեք։
29
Որովհետև ահա այն քաղաքի վրա, որ կոչված է իմ անունով, ես սկսել եմ չարիք բերել. մի՞թե դուք անպատիժ կմնաք. դուք անպատիժ չեք մնա, որովհետև ես սուր եմ կանչելու երկրիս բոլոր բնակիչների վրա”,- ասում է Զորությունների Տերը»։
30
Ուստի նրանց դեմ մարգարեացի՛ր այս բոլոր խոսքերը և նրանց ասա՛. «Տերը բարձրից որոտալու է և իր սուրբ բնակարանից իր ձայնն է արձակելու. նա ահա բարձրաձայն որոտալու է իր բնակավայրի դեմ, հնձանում տրորողների աղաղակի պես պիտի գոչի երկրի բոլոր բնակիչների դեմ։
31
Աղմուկը մինչև երկրի ծայրն է հասնելու, որովհետև Տերը վեճ ունի ազգերի հետ, նա դատ է տեսնում ամեն մարմնի հետ. նա սրի է մատնելու ամբարիշտներին»,- ասում է Տերը։
32
Այսպես է ասում Զորությունների Տերը. «Ահա չարիք պիտի տարածվի մի ազգից մյուս ազգ, և մեծ մրրիկ պիտի բարձրանա երկրի ծայրերից։
33
Եվ այն օրը Տիրոջից սպանվածները երկրի մի ծայրից մինչև երկրի մյուս ծայրը կտարածվեն. նրանց համար սուգ չպիտի լինի։ Նրանք չեն հավաքվելու և չեն թաղվելու. նրանք երկրի երեսին աղբի պես պիտի լինեն։
34
Ողբացե՛ք, ո՛վ հովիվներ, և աղաղակե՛ք, մոխրի մեջ թավալվե՛ք, ո՛վ հոտի մեծավորներ, որովհետև հասել են ձեր մորթվելու և ցիրուցան լինելու օրերը, և վայր պիտի ընկնեք պատվական անոթի նման։
35
Եվ հովիվները ապաստանելու տեղ չպիտի ունենան, և հոտի մեծավորները՝ ազատելու։
36
Լսե՛ք հովիվների աղաղակի ձայնը և հոտի մեծավորների ողբալը, որովհետև Տերը կործանում է դարձրել նրանց արոտները.
37
Տիրոջ բորբոք բարկության պատճառով բնաջնջվում են անդորր բնակավայրերը։
38
Նա՝ իբրև մի առույգ առյուծ, թողեց իր բնակարանը, որովհետև նրանց երկիրն ամայի է դարձել ավերիչի սրի և նրա բորբոք բարկության պատճառով»։
← Chapter 24
Chapter 26 →