bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-nea
/
Psalms 118
Psalms 118
armenian-nea
1
Ալելուիա Երանելի են անբիծներն իրենց ընթացքով, Եվ ովքեր շարժվում են Տիրոջ օրենքներով։
2
Երանի՜ նրանց, ովքեր պահում են նրա վկայությունը, Իրենց ամբողջ սրտով փնտրում են նրան։
3
Անօրենություն գործողները չէ, Որ պիտի նրա ճանապարհով ընթանան։
4
Դու պատվիրեցիր, որ քո պատվիրանները խստորեն պահեմ։
5
Իմ ճանապարհները հաջող կլինեին, Եթե քո պատվիրաններին հետևեի։
6
Այն ժամանակ ես չէի ամաչում, Երբ զգույշ էի քո պատվիրանների հանդեպ։
7
Տե՜ր, գոհություն կմատուցեմ քեզ ուղիղ սրտով՝ Սովորելով քո արդարության իրավունքները։
8
Քո օրենքները ես պահեցի. Մի՛ լքիր ինձ վերջնականապես։
9
Երիտասարդն իր ճամփաները ինչո՞վ պիտի ուղղի, Եթե ոչ քո խոսքերը պահելով։
10
Ողջ սրտով քեզ խնդրեցի. Մի՛ մերժիր ինձ քո պատվիրաններից։
11
Քո խոսքերը սրտումս թաքցրի, Որ չմեղանչեմ քո դեմ։
12
Օրհնյա՜լ ես դու, Տե՛ր, Սովորեցրո՛ւ ինձ քո արդարությունը։
13
Իմ շրթունքներով կպատմեմ Քո բերանի ողջ իրավունքները։
14
Ուրախացա քո վկայությունների ճանապարհներով, Ինչպես ամեն տեսակ հարստությամբ,
15
Հոգացի քո պատվիրաններին Եվ զգուշացա քո ճանապարհին,
16
Քո իրավունքների մասին խոսեցի Եվ չմոռացա քո խոսքերը։
17
Հատուցի՛ր քո ծառային, Որ ապրեմ և պահեմ քո խոսքերը։
18
Արթնացրո՛ւ աչքերս, Որ տեսնեմ քո օրենքի սքանչելիքները։
19
Պանդուխտ եմ ես երկրում. Մի՛ թաքցրու պատվիրաններդ ինձնից։
20
Հոգիս փափագեց ամեն ժամ ցանկանալու քո իրավունքները։
21
Սաստեցիր ամբարտավաններին. Անիծված են նրանք, Ովքեր խոտորվեցին քո պատվիրաններից։
22
Ինձնից հեռացրո՛ւ նախատինքն ու արհամարհանքը, Որովհետև քո վկայությունները փնտրեցի։
23
Որովհետև իշխանները նստած չարախոսում էին ինձնից, Բայց քո ծառան խորհում էր քո իրավունքների մասին։
24
Քանզի քո վկայությունները հաճելի էին ինձ, Եվ քո արդարությունից էին իմ խորհուրդները։
25
Հողին մերձեցա, Տե՜ր, Ըստ քո խոսքի պահի՛ր ինձ։
26
Ճանապարհներս պատմեցի քեզ, և ինձ լսեցիր. Ուսուցանի՛ր ինձ քո արդարությունները։
27
Սովորեցրո՛ւ ինձ քո արդարությունների ճանապարհները, Որ քննեմ քո սքանչելիքները։
28
Ձանձրանալուց հոգիս տքնեց. Հաստատի՛ր ինձ քո խոսքով։
29
Մեղքի ճանապարհները հեռացրո՛ւ ինձնից Եվ քո օրենքով ողորմի՛ր ինձ։
30
Քո ճշմարտության ճանապարհներն ընտրեցի Եվ իրավունքներդ ես չմոռացա։
31
Ես մոտեցա քո վկայություններին, Տե՛ր, Ինձ մի՛ ամաչեցրու։
32
Քո պատվիրանների ճանապարհներով ընթացա, Որովհետև խաղաղություն տվեցիր իմ սրտին։
33
Օրենսգե՛տ դարձրու ինձ, Տե՛ր, Քո իրավունքների ճանապարհներին, Որ ամեն ժամ փնտրեմ դրանք։
34
Իմաստո՛ւն դարձրու ինձ, որ քննեմ քո օրենքները Եվ ողջ սրտով պահեմ դրանք։
35
Ինձ առաջնորդի՛ր քո պատվիրանների շավիղներով, Որովհետև հաճելի համարեցի դրանք։
36
Սիրտս խոնարհեցրո՛ւ քո վկայություններին, Եվ ոչ թե ագահության։
37
Դարձրո՛ւ աչքերս, որ ունայնությունը չտեսնեմ, Քո ճանապարհի՛ն կանգնեցրու ինձ։
38
Քո ծառայի համար հաստատի՛ր քո խոսքը, Որ երկյուղիդ մեջ մնամ։
39
Ինձնից հանի՛ր նախատինքները, Որոնցից սոսկացի, որովհետև Քաղցր են քո դատաստանները։
40
Ահա ցանկացա քո պատվիրանները. Պահպանի՛ր ինձ քո արդարությամբ։
41
Ողորմությունդ թող գա ինձ վրա, Տե՜ր, Եվ փրկությունդ՝ ըստ քո խոսքի։
42
Ինձ նախատողներին խոսքերով պատասխան կտամ, Որովհետև քո խոսքերին հուսացի։
43
Մի՛ հեռացրու երբեք ճշմարտության խոսքն իմ բերանից, Որովհետև քո իրավունքներին հուսացի։
44
Ամեն ժամ քո օրենքները պահեցի, Հավիտյան և հավիտյանս հավիտենից։
45
Անդորրության մեջ ընթացա, Որովհետև քո պատվիրանները փնտրեցի։
46
Թագավորների առաջ Քո վկայությունների մասին խոսեցի և չամաչեցի։
47
Խորհեցի քո պատվիրանների մասին, Որոնք սիրեցի։
48
Ձեռքերս բարձրացրի դեպի քո պատվիրանները, Որոնք սիրեցի, Եվ խորհեցի քո արդարության մասին։
49
Հիշի՛ր խոսքը քո ծառայի, Որով հույս տվեցիր ինձ։
50
Սա պիտի մխիթարի ինձ խոնարհությանս մեջ, Որովհետև քո խոսքն ինձ պահպանեց։
51
Ամբարտավանները հույժ անիրավություն գործեցին իմ դեմ, Բայց ես քո օրենքից չհեռացա։
52
Հիշեցի քո իրավունքները հավերժական, Տե՛ր, Եվ մխիթարվեցի։
53
Մեղավորների տրտմությունը կլանեց ինձ Եվ նրանց, ովքեր լքեցին քո օրենքները։
54
Քո օրենքներն իմ օրհներգություններն են Իմ պանդխտության մեջ։
55
Գիշերը հիշեցի քո անունը, Տե՜ր, Եվ քո օրենքները պահեցի։
56
Այս եղավ ինձ կյանքի ճամփա, Որովհետև քո արդարությունները խնդրեցի։
57
Իմ բաժինն ես դու, Տե՜ր, ասացի, որ Քո օրենքը պիտի պահեմ,
58
Իմ ողջ սրտով քո երեսը խնդրեցի. Ողորմի՛ր ինձ ըստ քո խոսքի։
59
Խորհեցի իմ ճանապարհի մասին Եվ ոտքերս դեպի քո վկայությունները դարձրի։
60
Պատրաստվեցի և չխռովվեցի, Որ պահեմ քո պատվիրանները։
61
Մեղքի ուռկանները պատեցին ինձ, Բայց քո օրենքները ես չմոռացա.
62
Կեսգիշերին ելնում էի գոհություն մատուցելու քեզ, Տե՜ր, Քո արդարության և իրավունքների համար։
63
Հաղորդության մեջ էի քո բոլոր երկյուղածների հետ, Որոնք պահում են քո պատվիրանները։
64
Տե՛ր, քո ողորմությամբ լցվեց երկիրը, Սովորեցրո՛ւ ինձ քո արդարությունները։
65
Քաղցրությամբ վարվեցիր քո ծառայի հետ, Տե՜ր, Ըստ քո խոսքի։
66
Քաղցրություն, խրատ և գիտությո՛ւն սովորեցրու ինձ, Որովհետև քո պատվիրաններին հավատացի։
67
Երբ դեռ չէի խոնարհվել, մեղանչեցի, Դրա համար քո խոսքերը խստորեն պահեցի։
68
Քաղցր ես դու, Տե՜ր, և քո քաղցրությամբ Սովորեցրո՛ւ ինձ քո արդարությունները։
69
Ամբարտավանների անիրավություններն իմ դեմ բազմացան, Բայց ես ողջ սրտով քո պատվիրանները քննեցի։
70
Կաթի պես թանձրացան նրանց սրտերը, Բայց ես խոսեցի քո օրենքներով։
71
Լավ է, որ խոնարհ դարձրիր ինձ, Որպեսզի սովորեմ քո արդարությունը։
72
Ինձ համար լավ են քո բերանի օրենքները, Քան հազարներով արծաթն ու ոսկին։
73
Քո ձեռքերն արարեցին և ստեղծեցին ինձ. Իմաստո՛ւն դարձրու ինձ, Որ պատվիրաններդ սովորեմ։
74
Քեզնից երկյուղածները պիտի տեսնեն ինձ և ուրախ լինեն, Որովհետև քո խոսքերին հուսացի։
75
Ճանաչեցի, Տե՜ր, Որովհետև քո դատաստանն արդարությամբ է. Իրավացիորեն ինձ խոնարհեցրիր։
76
Քո ողորմությունը մխիթարություն թող լինի ինձ՝ Ըստ ծառայիդ տրված քո խոսքի։
77
Թող ինձ գան քո գթությունները, Եվ պիտի ապրեմ, Որովհետև քո օրենքներն իմ խոսքերն էին։
78
Ամբարտավանները պիտի ամաչեն, Որ իզուր անիրավություն գործեցին իմ դեմ, Բայց ես միշտ պահեցի քո պատվիրանները։
79
Քեզնից երկյուղածները թող խրատեն ինձ, Եվ նրանք, ովքեր ճանաչում են քո վկայությունները։
80
Թող սիրտս անբիծ լինի քո արդարության մեջ, Որ ես չամաչեմ։
81
Հոգիս կարոտեց քո փրկությանը, Որովհետև ես քո խոսքին հուսացի.
82
Աչքերս սպասեցին քո խոսքին, Ասացի. «Ինձ ե՞րբ պիտի մխիթարես»։
83
Քանզի դարձա կարծրացած տիկի պես, Սակայն չմոռացա քո արդարությունը։
84
Որքա՞ն են օրերը քո ծառայի, Ե՞րբ պիտի դատաստանը տեսնես Ինձ հալածողների։
85
Անօրենները խորհուրդներ պատմեցին ինձ, Բայց ոչ քո օրենքների պես։
86
Ճշմարիտ են քո բոլոր պատվիրանները, Իզո՜ւր հալածեցին ինձ, օգնի՛ր ինձ։
87
Եվս մի փոքր, և ինձ կորստյան կմատնեին երկրի վրա, Սակայն ես չլքեցի քո պատվիրանները։
88
Ըստ քո ողորմության պահի՛ր ինձ, Եվ ես կպահպանեմ քո բերանի վկայությունները։
89
Քո խոսքը, Տե՛ր, հավիտյան է երկնքում,
90
Սերնդեսերունդ է քո ճշմարտությունը։ Դու հաստատեցիր երկիրը, որը կա և կմնա։
91
Քո հրամանով է մնում ցերեկը, Որովհետև բոլորը ծառա են քեզ։
92
Եթե քո օրենքը չլիներ իմ խոսքը, Ես վաղուց կորած կլինեի թշվառությանս մեջ։
93
Հավետ չպիտի մոռանամ քո արդարությունները, Քանզի նրանցով պահպանեցիր ինձ։
94
Ես քոնն եմ, փրկի՛ր ինձ, քանզի Քո արդարությունները փնտրեցի։
95
Մեղավորները փորձեցին ինձ կործանել, Որովհետև մտքումս պահեցի Քո վկայությունները։
96
Տեսա վախճանն ամեն կատարելության, Քո պատվիրաններն անդորր էին ինձ համար։
97
Որքա՜ն սիրեցի քո օրենքները. Ամեն ժամ իմ խոսքերն էին դրանք։
98
Թշնամիներիցս ավելի իմաստուն դարձրիր ինձ Քո պատվիրաններով, որովհետև միշտ իմն էին։
99
Բոլոր ուսուցիչներիցս ավելի իմաստուն եղա, Որովհետև քո վկայություններն իմ խոսքերն էին։
100
Իմ երեցներից ավելի իմաստուն եղա, Որովհետև քո պատվիրանները պահեցի։
101
Ոտքերս արգելեցի չարիքի բոլոր ճանապարհներից, Որ պահեմ խոսքերը քո։
102
Ես չխոտորվեցի քո իրավունքից, Որովհետև դու ինձ օրենսգետ դարձրիր։
103
Քո խոսքերը որքա՜ն քաղցր են քիմքիս, Ավելի քաղցր, քան մեղրն իմ բերանին։
104
Քո պատվիրաններով իմաստնացած՝ Ատեցի չարի բոլոր ճանապարհները, Որովհետև դու ինձ օրենսգետ դարձրիր։
105
Քո խոսքը ճրագն է իմ ոտքերի Եվ լուսավորում է իմ շավիղները։
106
Երդվեցի և որոշեցի, Որ պիտի պահեմ քո արդարադատության բոլոր իրավունքները։
107
Հույժ խոնարհ եղա, Տե՛ր, փրկի՛ր ինձ ըստ քո խոսքի։
108
Իմ բերանի ցանկությունը, Տե՜ր, թող քեզ հաճելի լինի, Եվ քո իրավունքնե՛րը սովորեցրու ինձ։
109
Հոգիս քո ձեռքերում է ամեն ժամ, Եվ քո օրենքները ես չմոռացա։
110
Մեղավորները որոգայթ լարեցին իմ դեմ, Քո պատվիրաններից ես չմոլորվեցի։
111
Քո վկայությունները ժառանգեցի հավիտյան. Նրանք իմ սրտի ցնծությունն են։
112
Սիրտս խոնարհեցրի՝ առնելու քո արդարությունները հավիտյան հատուցման համար։
113
Անօրեններին ատեցի և քո օրենքը սիրեցի։
114
Դու իմ օգնականն ու փրկիչն ես, Եվ ես քո խոսքին հուսացի։
115
Հեռացե՛ք ինձնից, չարե՛ր, Որ ես իմ Աստծու պատվիրանները պահեմ։
116
Օգնի՛ր ինձ ըստ քո խոսքի և փրկի՛ր ինձ Եվ մի՛ ամաչեցրու ինձ իմ հույսի պատճառով։
117
Օգնի՛ր ինձ և փրկի՛ր ինձ, Որ ամեն ժամ քո իրավունքների մասին խորհեմ։
118
Անարգեցիր բոլոր նրանց, ովքեր ապստամբեցին Քո արդարության դեմ, որովհետև Անիրավ էին նրանց խորհուրդները։
119
Հանցավոր համարեցի երկրի բոլոր մեղավորներին, Դրա համար սիրեցի քո պատվիրանները։
120
Մարմինն իմ բևեռի՛ր քո երկյուղի տակ, Որովհետև հույժ սոսկացի քո դատաստաններից։
121
Իրավունք և արդարություն գործեցի. Մի՛ մատնիր ինձ իմ նեղիչների ձեռքը։
122
Ծառայիդ ընդունի՛ր բարությամբ, Որ ամբարտավաններն ինձ չչարչարեն։
123
Աչքերս սպասեցին քո փրկությանը, Տե՜ր, Եվ քո արդարության խոսքին։
124
Ըստ քո ողորմությա՛ն վարվիր ծառայիդ հետ, Քո արդարությո՛ւնն ինձ սովորեցրու։
125
Քո ծառան եմ ես, իմաստո՛ւն դարձրու ինձ, Որ ճանաչեմ քո վկայությունները։
126
Ժամն է, որ Տերը գործի, Քանզի խափանեցին քո օրենքները։
127
Դրա համար սիրեցի քո պատվիրանները Ամեն ոսկուց և տոպազից ավելի։
128
Քո բոլոր պատվիրաններին հետևեցի, Որովհետև ատեցի չարի ճանապարհները։
129
Սքանչելի են քո վկայությունները, Դրա համար հոգիս սիրեց դրանք։
130
Քո խոսքերի հայտնությունը Լուսավորում և իմաստնացնում է պարզամիտներին։
131
Բացեցի բերանս և շունչ առա, քանզի հոգիս փափագեց քո պատվիրանները։
132
Նայի՛ր և ողորմի՛ր ինձ Ըստ քո անունը սիրողների իրավունքի։
133
Իմ ճանապարհներն ուղղի՛ր ըստ քո խոսքի, Որ ինձ զանազան մեղքեր չտիրեն։
134
Փրկի՛ր ինձ մարդկանց զրպարտությունից, Եվ ես կպահեմ քո պատվիրանները։
135
Երևեցրո՛ւ երեսդ քո ծառային Եվ քո արդարությո՛ւնը սովորեցրու ինձ։
136
Ջրի վտակներ իջան իմ աչքերից, Որովհետև չպահեցին քո օրենքները։
137
Արդար ես դու, Տե՜ր, Եվ ուղիղ են քո դատաստանները։
138
Քո վկայությունների արդարությունը պատվիրեցիր, Որ հույժ ճշմարիտ են։
139
Քո տան հանդեպ նախանձախնդրությունը մաշեց ինձ, Որովհետև իմ թշնամիները մոռացան քո խոսքերը։
140
Հույժ ընտիր են քո խոսքերը, Եվ քո ծառան սիրեց դրանք։
141
Մանուկ եմ ես և արհամարհված, Բայց քո արդարությունը ես չմոռացա։
142
Քո արդարությունը հավերժական արդարություն է, Եվ քո օրենքները՝ ճշմարիտ։
143
Նեղություն և վշտեր պատեցին ինձ, Բայց քո պատվիրաններն իմ խոսքերն էին։
144
Քո վկայություններն արդար են հավետ, Իմաստնացրո՛ւ և պահպանի՛ր ինձ։
145
Իմ ողջ սրտով աղոթեցի քեզ, լսի՛ր ինձ, Տե՛ր, Որովհետև քո արդարությունը խնդրեցի։
146
Աղաղակեցի քեզ, փրկի՛ր ինձ, Եվ կպահեմ քո վկայությունները։
147
Շտապ աղաղակեցի վաղաժամ, Եվ ես քո խոսքերի վրա հույս դրեցի։
148
Աչքերս մինչև առավոտ չփակեցի՝ Խոսելու քո խոսքերը։
149
Ըստ քո ողորմության լսի՛ր իմ ձայնը, Տե՜ր, Քո իրավունքով պահպանի՛ր ինձ.
150
Անօրենությունը մերձեցրին ինձ հալածիչներս, Որովհետև հեռու եղան քո օրենքներից։
151
Մոտ ես դու, Տե՜ր, և քո բոլոր Պատվիրանները ճշմարիտ են։
152
Քո վկայությունները սկզբից ևեթ ճանաչեցի, Քանզի հավիտյան հաստատեցիր դրանք։
153
Տե՛ս իմ խոնարհությունը և փրկի՛ր ինձ, Որովհետև քո օրենքները ես չմոռացա։
154
Իմ դա՛տը տես և փրկի՛ր ինձ. Ըստ քո խոսքի պահպանի՛ր ինձ։
155
Փրկությունը հեռու է մեղավորներից, Որովհետև քո իրավունքները չպահեցին։
156
Շա՜տ են քո գթությունները, Տե՜ր, Եվ ըստ քո իրավունքի պահպանի՛ր ինձ։
157
Ինձ հալածողներն ու նեղողները շատ են, Բայց քո վկայություններից ես չխոտորվեցի։
158
Ես տեսա ուրացողներին և մաշվեցի, Որովհետև քո պատվիրանները չպահեցին։
159
Տե՛ս, որքա՜ն սիրեցի քո պատվիրանները, Տե՜ր, Քո ողորմությամբ պահպանի՛ր ինձ։
160
Քո խոսքերի սկիզբը ճշմարտությունն է, Հավիտյան են քո արդարության բոլոր իրավունքները։
161
Իշխաններն իզուր ինձ հալածեցին, Եվ քո խոսքերից սիրտս երկյուղեց։
162
Ցնծացի քո խոսքերով, ինչպես նա, Որ մեծ ավար է գտնում։
163
Ատեցի և անարգեցի մեղքը Եվ քո օրենքները սիրեցի։
164
Օրը յոթ անգամ քեզ պիտի օրհնեմ Քո արդարության և իրավունքի համար։
165
Խաղաղությունը մեծ է նրանց համար, Ովքեր սիրում են քո օրենքները, Եվ նրանց մեջ գայթակղություն չկա։
166
Սպասեցի քո փրկությանը, Տե՜ր, Եվ քո պատվիրանները սիրեցի։
167
Հոգիս պահեց քո վկայությունները Եվ շատ սիրեց դրանք։
168
Քո վկայություններն ու պատվիրանները պահեցի, Որովհետև իմ բոլոր ճանապարհները քո առջև են։
169
Իմ խնդրանքները թող մոտենան քեզ, Տե՜ր, Ըստ քո խոսքի իմաստնացրո՛ւ ինձ։
170
Իմ աղոթքները թող հասնեն քեզ, Տե՜ր, Եվ քո խոսքով փրկի՛ր ինձ։
171
Իմ շրթունքները թող բխեցնեն քո օրհնությունները, Երբ ինձ ուսուցանես քո արդարությունները։
172
Լեզուս թող արտաբերի քո խոսքերը, Որովհետև քո բոլոր պատվիրաններն արդար են։
173
Քո ձեռքը թող պահպանի ինձ, Որովհետև ընտրեցի քո պատվիրանները։
174
Քո փրկությունը ցանկացա, Տե՜ր, Եվ քո օրենքներն իմ խոսքերը եղան։
175
Հոգիս թող ապրի և օրհնի քեզ, Եվ քո իրավունքներն ինձ թող օգնեն։
176
Մոլորվեցի կորած ոչխարի պես. Փնտրի՛ր ծառայիդ, Որովհետև քո պատվիրանները ես չմոռացա։
← Chapter 117
Chapter 119 →