bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-nea
/
Proverbs 31
Proverbs 31
armenian-nea
1
Իմ խոսքերն Աստծու կողմից են ասված՝ նման թագավորի խրատի, որ նրան ուսուցանել է իր մայրը։
2
Օ՜, որդյա՛կ, Աստծու խոսքերն են, առաջնեկդ, քեզ եմ ասում, որդյա՛կ. Օ՜, որդյա՛կ, որովայնիս պտուղ. Օ՜, որդյա՛կ, իմ ուխտերի զավակ։
3
Մի՛ տուր կանանց հարստությունդ, ոչ էլ քո կյանքդ ու միտքդ՝ հետին խորհուրդների.
4
խոհեմությա՛մբ գործիր ամեն բան, խոհեմությա՛մբ գինի խմիր։ Մեծամեծերը բարկասիրտ են, թող գինի չխմեն,
5
որ չհարբեն և չմոռանան իմաստությունը և չկարողանան ուղիղ դատել թույլին։
6
Տրտմածներին խմի՛չք տվեք, և գինի՛ տվեք տառապյալներին,
7
Որ խմեն և մոռանան իրենց թշվառությունը և չհիշեն իրենց ցավերը։
8
Աստծու խոսքո՛վ բաց քո բերանը և ողջամտությա՛մբ դատիր բոլորին,
9
ընտրի՛ր և զատի՛ր աղքատին ու թույլին։
10
Եթե առաքինի կին գտնվի, բոլոր պատվական քարերից թանկագին կլինի։
11
Ամուսնու սիրտը վստահ է նրա վրա, և նա երբեք ավարի կարոտ չի լինի։
12
Ողջ կյանքում գործակից է դառնում իր ամուսնուն բարիքի և ոչ թե չարիքի մեջ։
13
Բուրդ և կտավ գտնելով՝ պիտանի հանդերձներ է պատրաստում իր ձեռքերով։
14
Եվ եղավ շահավետ նավի նման. հեռվից գանձեր է հավաքում։
15
Արթնանում արշալույսին, կերակուր է տալիս տնեցիներին և գործ՝ նաժիշտներին։
16
Գեղեցիկ արտ տեսնելիս՝ գնում է այն և իր ձեռքի աշխատանքով մշակում է իր հողը։
17
Մեջքին պինդ գոտի կապած՝ բազուկները գործի մեջ է դնում
18
ու ճաշակում գործի քաղցրությունը, և ողջ գիշեր չի մարում նրա ճրագը։
19
Ձեռքը օգուտին մեկնած՝ անձանձրույթ մատներով իլիկ է պտտում։
20
Ձեռքը բաց է աղքատներին, և բաժին է տալիս խեղճերին։
21
Եթե ամուսինը ուշանա էլ, չի մտահոգվում տան համար, քանզի բոլորին, ովքեր նրա հետ են, կրկնակի հագուստ է հագցրել։
22
Ամուսնու համար բեհեզ և ծիրանի է գործել իսկ իր համար՝ ծածկոցներ։
23
Երևելի է նրա ամուսինը դրսում, երբ նստում է ժողովրդի մեջ՝ երկրի բնակիչների ու ծերերի խորհրդի մեջ։
24
Կինը կտավ է պատրաստում և վաճառում և ծածկոցներ՝ քանանացիներին։
25
Չափով և իմաստությամբ է բացում բերանը և սահման դնում իր լեզվին։
26
Ուժ և վայելչություն հագած՝ ուրախ պիտի լինի իր վերջին օրերին։
27
Նրա տան ճանապարհները պարկեշտ են, և նա պարապության հաց չի կերել։
28
Նրա ողորմածությունները իր որդիներին ոտքի են կանգնեցնում և մեծարում։ Նրա ամուսինը գովում է նրան՝ ասելով.
29
«Բազում դուստրեր հարստություն ստացան, շատերը սխրանք գործեցին, բայց դու գերազանց եղար և բոլորից անցար։
30
Կեղծ հաճություն և սին գեղեցկություն չկա քո մեջ»։ Քանզի իմաստուն և բարեպաշտ կինը պիտի օրհնվի։ Նա պատիվ է տալիս Աստծուց երկյուղածներին,
31
դուք էլ պատի՛վ տվեք նրան նրա շուրթերի պտղից, և թող նրա ամուսինը գովվի դրսում. քանզի մարդու ճանապարհներն իր հայացքի առջև են ընթանում, և նա հաջողություն պիտի գտնի հավիտյանս հավիտենից։
← Chapter 30