bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-2018
/
Psalms 119
Psalms 119
armenian-2018
1
Երանելի են ճանապարհով անմեղները, որոնք գնում են Տիրոջ օրենքով։
2
Երանելի են նրա վկայությունները պահողները, որ ամբողջ սրտով փնտրում են նրան։
3
Որովհետև նրանք անօրենություն չեն գործում, այլ գնում են նրա ճանապարհներով։
4
Դու պատվիրեցիր, որ քո հրամանները պինդ պահենք։
5
Երանի՜ իմ ճանապարհները հաջող լինեն՝ պահելու քո կանոնները։
6
Այդ դեպքում չեմ ամաչի, երբ քո բոլոր պատվիրաններին հետևեմ։
7
Ես քեզ պիտի գովաբանեմ ուղիղ սրտով, երբ որ քո արդար վճիռներն իմանամ։
8
Քո կանոնները պիտի պահեմ. ինձ բոլորովին մի՛ լքիր։
9
Երիտասարդն ինչո՞վ պիտի մաքուր պահի իր ճանապարհը. զգույշ լինելով քո խոսքի համեմատ։
10
Իմ ամբողջ սրտով փնտրեցի քեզ. մի՛ թող ինձ, որ մոլորվեմ քո պատվիրաններից։
11
Իմ սրտում թաքցրի քո խոսքերը, որ չմեղանչեմ քո դեմ։
12
Օրհնյա՜լ ես դու, Տե՛ր, սովորեցրո՛ւ ինձ քո կանոնները։
13
Իմ շրթունքներով պատմում եմ քո բերանի բոլոր իրավունքները։
14
Ուրախանում եմ քո վկայությունների ճանապարհով, ինչպես ամեն տեսակ հարստությամբ։
15
Քո հրամանների մասին պիտի մտածեմ, քո ճանապարհներին պիտի նայեմ։
16
Քո կանոններով պիտի ուրախանամ և քո խոսքը չպիտի մոռանամ։
17
Բարությո՛ւն արա քո ծառային, որ ապրեմ և գործադրեմ քո խոսքը։
18
Բա՛ց իմ աչքերը, որ տեսնեմ քո օրենքի հրաշքները։
19
Ես պանդուխտ եմ երկրի վրա, ինձնից մի՛ թաքցրու քո պատվիրանները։
20
Իմ անձը մաշվել է ամեն ժամանակ քո իրավունքները ցանկանալուց։
21
Դու սաստեցիր անիծված ամբարտավաններին, որ մոլորվեցին քո պատվիրաններից։
22
Նախատինքն ու անարգանքը վերցրո՛ւ ինձնից, որ պահեմ քո վկայությունները։
23
Իշխաններ էլ են նստում և խոսում իմ դեմ. քո ծառան մտածում է քո հրամանների մասին։
24
Հիրավի, քո վկայություններն իմ ուրախությունն են և իմ խորհրդականները։
25
Իմ անձը կպավ հողին. քո խոսքի համաձայն ապրեցրո՛ւ ինձ։
26
Ես պատմում եմ իմ ճանապարհների մասին, և դու լսում ես ինձ. սովորեցրո՛ւ ինձ քո հրամանները։
27
Իմացրո՛ւ ինձ քո պատվիրանների ճանապարհները, և ես պիտի մտածեմ քո սքանչելիքների մասին։
28
Իմ անձը հալվեց տրտմությունից. հաստատի՛ր ինձ քո խոսքի համեմատ։
29
Ստության ճանապարհը հեռացրո՛ւ ինձնից և քո օրենքը շնորհի՛ր ինձ։
30
Ես ընտրեցի ճշմարտության ճանապարհը. քո իրավունքները դրեցի իմ առջև։
31
Մոտեցա քո վկայություններին, Տե՛ր, ինձ մի՛ ամաչեցրու։
32
Պիտի վազեմ քո պատվիրանների ճանապարհով, որովհետև դու լայնացրիր իմ սիրտը։
33
Տե՛ր, ցո՛ւյց տուր ինձ քո կանոնների ճանապարհը, որ մինչև վերջը պահեմ այն։
34
Իմաստո՛ւն դարձրու ինձ, որ պահեմ քո օրենքը և ամբողջ սրտով կատարեմ այն։
35
Առաջնորդի՛ր ինձ քո պատվիրանների շավիղներով, որոնք հավանեցիր։
36
Իմ սիրտը խոնարհեցրո՛ւ դեպի քո վկայությունները և ոչ թե դեպի ագահությունը։
37
Դեպի հե՛տ դարձրու իմ աչքերը, որ ունայն բան չտեսնեն, և ինձ ապրեցրո՛ւ քո ճանապարհների մեջ։
38
Քո խոսքը հաստատի՛ր քո ծառայի համար, որ վախենում է քեզնից։
39
Ինձնից վանի՛ր իմ նախատինքը, որից վախեցա, որովհետև բարի են քո իրավունքները։
40
Ահա ցանկացա քո պատվիրանները. քո արդարությամբ ապրեցրո՛ւ ինձ։
41
Տե՛ր, քո ողորմությունը թող գա ինձ վրա, և քո փրկությունը՝ քո խոսքի համաձայն։
42
Ես պատասխան կտամ խոսքով ինձ նախատողներին, որովհետև հույսս քո խոսքի վրա եմ դրել։
43
Քո ճշմարտության խոսքն ամենևին մի՛ հեռացրու իմ բերանից, որովհետև հույսս դրել եմ քո իրավունքի վրա։
44
Քո օրենքը պիտի պահեմ ամեն ժամանակ՝ հավիտյանս հավիտենից։
45
Ես ազատ պիտի գնամ, որովհետև խնդրեցի քո պատվիրանները։
46
Քո վկայությունների մասին պիտի խոսեմ թագավորների առջև և չպիտի ամաչեմ։
47
Ես պիտի ուրախանամ քո պատվիրաններով, որոնք սիրում եմ։
48
Իմ ձեռքը պիտի բարձրացնեմ դեպի քո պատվիրանները, որոնք սիրում եմ, և պիտի մտածեմ քո հրամանների մասին։
49
Հիշի՛ր քո ծառայի համար տրված խոսքը, որի վրա դրեցի իմ հույսը։
50
Նեղությանս մեջ իմ մխիթարությունն այն է, որ քո խոսքն ապրեցնում է ինձ։
51
Ամբարտավանները շատ խիստ ծաղրում են ինձ, բայց ես չեմ շեղվում քո օրենքից։
52
Տե՛ր, հիշում եմ քո հավերժական վճիռները և մխիթարվում։
53
Բարկությունը տիրեց ինձ այն ամբարիշտների դեմ, որոնք թողնում են քո օրենքը։
54
Քո հրամանները երգ են ինձ համար իմ պանդխտության տան մեջ։
55
Տե՛ր, գիշերը հիշում եմ քո անունը և պահում եմ քո օրենքը։
56
Այս ինձ համար պատճառ եղավ, որ պահեմ քո հրամանները։
57
Իմ բաժինը դու ես, Տե՛ր. ես ասացի, որ պիտի պահեմ քո խոսքերը։
58
Ամբողջ սրտով աղաչում եմ քո առջև. ողորմի՛ր ինձ քո խոսքի համաձայն։
59
Ես մտածում եմ քո ճանապարհների մասին և իմ ոտքերը շրջում եմ դեպի քո վկայությունները։
60
Շտապում եմ և չեմ ուշանում, որ պահեմ քո պատվիրանները։
61
Ամբարիշտների պարանները պատեցին ինձ, բայց ես չեմ մոռանում քո օրենքը։
62
Կեսգիշերին վեր եմ կենում, որ գովաբանեմ քեզ քո արդար իրավունքի համար։
63
Ես ընկերն եմ բոլոր նրանց, ովքեր վախենում են քեզնից և պահում են քո պատվիրանները։
64
Տե՛ր, երկիրը լիքն է քո ողորմությամբ. քո հրամանները սովորեցրո՛ւ ինձ։
65
Բարություն արեցիր, Տե՛ր, քո ծառային՝ քո խոսքի համաձայն։
66
Բարի իմաստություն և գիտությո՛ւն սովորեցրու ինձ, որովհետև հավատում եմ քո պատվիրաններին։
67
Քանի դեռ խոնարհված չէի, սխալվում էի, բայց հիմա պահում եմ քո խոսքը։
68
Բարի ես դու և բարերար. քո հրամանները սովորեցրո՛ւ ինձ։
69
Ամբարտավանները սուտ են հնարում իմ մասին, բայց ես ամբողջ սրտով պիտի պահեմ քո պատվիրանները։
70
Նրանց սիրտը պարարտ է, ինչպես ճարպը, բայց ես ուրախանում եմ քո օրենքով։
71
Ինձ համար լավ էր, որ խոնարհվեցի, որ սովորեմ քո հրամանները։
72
Քո բերանի օրենքն ինձ համար բարի է ավելի, քան հազարավոր ոսկի ու արծաթ։
73
Քո ձեռքերն արարեցին ինձ և հաստատեցին ինձ. իմաստո՛ւն դարձրու ինձ, որ սովորեմ քո պատվիրանները։
74
Քեզնից վախեցողները պիտի տեսնեն ինձ և ուրախ լինեն, որովհետև հույսս քո խոսքերի վրա դրեցի։
75
Գիտեմ, Տե՛ր, որ արդարությամբ են քո դատաստանները, և իրավունքով ինձ խոնարհեցրիր։
76
Թող քո ողորմությունն ինձ համար մխիթարություն լինի քո ծառային տված խոսքիդ համաձայն։
77
Քո բարեգթությունը թող գա ինձ վրա, որ ապրեմ, որովհետև քո օրենքն է իմ ուրախությունը։
78
Ամբարտավանները թող ամոթահար լինեն, որովհետև իզուր անիրավություն գործեցին իմ դեմ, բայց ես պիտի մտածեմ քո պատվիրանների մասին։
79
Ինձ մոտ թող վերադառնան քեզնից վախեցողները և քո վկայությունները ճանաչողները։
80
Իմ սիրտը թող անմեղ լինի քո հրամանների մեջ, որպեսզի չամաչեմ։
81
Իմ անձը մաշվեց՝ սպասելով քո փրկությանը, բայց ես հույսս քո խոսքի վրա դրեցի։
82
Իմ աչքերը մաշվեցին քո խոսքը ցանկանալու համար. ես ասում եմ. «Ե՞րբ պիտի մխիթարես ինձ»։
83
Որովհետև ես ծխի մեջ կախված տիկի պես եղա, բայց քո հրամանները չմոռացա։
84
Որքա՞ն են քո ծառայի կյանքի օրերը. ե՞րբ պիտի դատաստան անես ինձ հալածողներին։
85
Ամբարտավանները հորեր փորեցին ինձ համար, որ քո օրենքի համաձայն չեն։
86
Քո բոլոր պատվիրանները ճշմարիտ են, զուր տեղն են հալածում ինձ. օգնի՛ր ինձ։
87
Քիչ էր մնացել, որ ինձ կորցնեին երկրի մեջ, բայց ես չեմ թողնում քո պատվիրանները։
88
Քո ողորմության համեմատ ապրեցրո՛ւ ինձ, և ես պիտի պահեմ քո բերանի վկայությունները։
89
Ո՜վ Տեր, քո խոսքը հավիտյան հաստատված է երկնքում։
90
Քո ճշմարտությունը մնում է սերնդից սերունդ. դու հաստատեցիր երկիրը, և նա կա։
91
Ըստ քո հրամանների մնում են այսօր էլ, որովհետև բոլորը քո ծառաներն են։
92
Եթե քո օրենքն իմ ուրախությունը չլիներ, ես վաղուց կորած կլինեի իմ խեղճության մեջ։
93
Հավիտյան չեմ մոռանա քո պատվիրանները, որովհետև նրանցով ապրեցրիր ինձ։
94
Ես քոնն եմ, փրկի՛ր ինձ, որովհետև փնտրում եմ քո պատվիրանները։
95
Ամբարիշտները սպասում են ինձ, որ ինձ կորցնեն, բայց ես մտաբերում եմ քո պատվիրանները։
96
Ամեն մի կատարյալ բանի վերջը տեսա, բայց քո պատվիրանը չափազանց ընդարձակ է։
97
Որքա՜ն եմ սիրում քո օրենքը. ամեն օր այն է իմ մտածմունքը։
98
Քո պատվիրաններն ինձ իմ թշնամիներից իմաստուն դարձրին, որովհետև դրանք իմն են հավիտյան։
99
Իմ բոլոր ուսուցիչներից իմաստուն եղա, որովհետև իմ մտածմունքը քո վկայություններն են։
100
Ծերերից ավելի խելացի եղա, որովհետև պահում եմ քո պատվիրանները։
101
Ամեն մի չար ճանապարհից ոտքերս հետ եմ քաշում, որ քո խոսքը պահեմ։
102
Քո վճիռներից չեմ հեռանում, որովհետև դու սովորեցնում ես ինձ։
103
Որքա՜ն քաղցր է քո խոսքն իմ քիմքին, մեղրից էլ ավելի՝ իմ բերանին։
104
Քո պատվիրաններով ես իմաստուն եղա, դրա համար ատում եմ ստության ամեն ճանապարհ։
105
Քո խոսքը ճրագ է իմ ոտքերի համար և լույս՝ իմ ճանապարհի համար։
106
Ես երդվեցի և պիտի կատարեմ այն, որ պահեմ քո արդարության իրավունքը։
107
Ես շատ խոնարհվեցի. Տե՛ր, ապրեցրո՛ւ ինձ քո խոսքի համաձայն։
108
Ընդունի՛ր իմ բերանի կամավոր զոհերը, Տե՛ր, և ինձ սովորեցրո՛ւ քո իրավունքները։
109
Իմ անձն ամեն ժամանակ իմ ձեռքի մեջ է, բայց ես չեմ մոռանում քո օրենքը։
110
Ամբարիշտները որոգայթ դրեցին իմ դեմ, բայց ես չեմ մոլորվում քո պատվիրաններից։
111
Ես քո վկայությունները ժառանգեցի մինչև հավիտյան, որովհետև նրանք իմ սրտի ցնծությունն են։
112
Ես խոնարհեցրի իմ սիրտը, որ քո հրամանները կատարեմ հավիտյան՝ մինչև վախճանը։
113
Ես ատում եմ երկմիտներին. քո օրե՛նքը սիրեցի։
114
Իմ հովանին և պահապանը դու ես. ես հույսս քո խոսքի վրա դրեցի։
115
Հեռո՛ւ կացեք ինձնից, ո՛վ չարամիտներ, որովհետև ես պիտի պահեմ իմ Աստծու պատվիրանները։
116
Ինձ պահպանի՛ր քո խոսքի համաձայն, որ ապրեմ, և ինձ մի՛ ամաչեցրու իմ հույսի համար։
117
Օգնի՛ր ինձ, և ես կապրեմ. ամեն ժամանակ պիտի մտածեմ քո հրամանների մասին։
118
Դու անարգում ես բոլոր նրանց, ովքեր հեռանում են քո հրամաններից, որովհետև նրանց նենգությունը սուտ է։
119
Դու կեղտ ես համարում երկրի բոլոր ամբարիշտներին, դրա համար էլ ես սիրում եմ քո վկայությունները։
120
Մարմինս դողում է քո ահից, և ես վախենում եմ քո դատաստաններից։
121
Ես իրավունք և արդարություն գործեցի. ինձ մի՛ մատնիր ինձ նեղողների ձեռքը։
122
Քո ծառային երաշխավորի՛ր իր բարիքի համար, որ ամբարտավանները չնեղացնեն ինձ։
123
Աչքերս մաշվեցին քո փրկությանը և քո արդարության խոսքին սպասելով։
124
Քո ծառայի հետ վարվի՛ր քո ողորմության համեմատ և ինձ սովորեցրո՛ւ քո հրամանները։
125
Ես քո ծառան եմ. իմաստո՛ւն դարձրու ինձ, որ ճանաչեմ քո վկայությունները։
126
Ժամանակն է, որ Տերն անի այս, որովհետև նրանք խափանեցին քո օրենքը։
127
Դրա համար էլ ոսկուց և ազնիվ ոսկուց ավելի ես քո պատվիրաններն եմ սիրում։
128
Դրա համար էլ լիովին ուղիղ եմ պահում բոլոր պատվիրանները և ատում եմ ստության ամեն ճանապարհ։
129
Քո վկայությունները զարմանալի են, դրա համար էլ իմ անձը պահում է դրանք։
130
Խոսքերիդ հայտնությունը լույս է տալիս և իմաստուն դարձնում պարզամիտներին։
131
Իմ բերանը բացում և շունչ եմ առնում, որովհետև ցանկանում եմ քո պատվիրանները։
132
Նայի՛ր ինձ և ողորմի՛ր ինձ այնպես, ինչպես դու սովոր ես անել քո անունը սիրողներին։
133
Իմ ընթացքը հաստատի՛ր քո խոսքի մեջ, և անօրենություն չի տիրի ինձ վրա։
134
Փրկի՛ր ինձ մարդկանց բռնությունից, և ես կպահեմ քո պատվիրանները։
135
Երեսդ լուսավորի՛ր քո ծառայի համար և ինձ սովորեցրո՛ւ քո հրամանները։
136
Ջրերի առուներ են ցած գալիս իմ աչքերից, որովհետև մարդիկ չեն պահում քո օրենքը։
137
Դու արդար ես, Տե՛ր, և ուղիղ են քո դատաստանները։
138
Քո վկայությունների արդարությունը պատվիրեցիր, և դրանք կատարյալ ճշմարիտ են։
139
Իմ նախանձը մաշեց ինձ, որովհետև թշնամիներս մոռանում են քո խոսքը։
140
Քո խոսքը չափազանց մաքուր է, և քո ծառան սիրում է այն։
141
Ես ցածր և անարգված եմ, բայց չեմ մոռանում քո պատվիրանները։
142
Քո արդարությունը հավիտենական արդարություն է, և քո օրենքը՝ ճշմարիտ։
143
Նեղությունը և ցավը գտան ինձ. քո պատվիրաններն իմ ուրախությունն են։
144
Քո վկայությունների արդարությունը հավիտյան է. իմաստո՛ւն դարձրու ինձ, և պիտի ապրեմ։
145
Ամբողջ սրտով կանչում եմ. լսի՛ր ինձ, Տե՛ր, և ես պիտի պահեմ քո հրամանները։
146
Քեզ եմ կանչում. փրկի՛ր ինձ, և ես պիտի պահեմ քո վկայությունները։
147
Կանուխ գալիս եմ արշալույսին և աղաղակում. ես հույսս քո խոսքի վրա դրեցի։
148
Գիշերը չվերջացած՝ բացվում են իմ աչքերը՝ քո խոսքերի մասին մտածելու համար։
149
Լսի՛ր իմ ձայնը քո ողորմության համեմատ, Տե՛ր, քո իրավունքի համեմատ ապրեցրո՛ւ ինձ։
150
Անօրենության հետևողները մոտեցան, նրանք հեռացան քո օրենքից։
151
Տե՛ր, դու մոտիկ ես, և քո բոլոր պատվիրանները ճշմարտություն են։
152
Վաղուց իմացա քո վկայություններից, որ դու դրանք հաստատեցիր հավիտյան։
153
Տե՛ս իմ խեղճությունը և փրկի՛ր ինձ, որովհետև չեմ մոռանում քո օրենքը։
154
Պաշտպանի՛ր իմ իրավունքը և փրկի՛ր ինձ, քո խոսքի համեմատ ապրեցրո՛ւ ինձ։
155
Փրկությունը հեռու է ամբարիշտներից, որովհետև չեն փնտրում քո հրամանները։
156
Տե՛ր, շատ է քո բարեգթությունը. քո իրավունքի համեմատ ապրեցրո՛ւ ինձ։
157
Շատ են ինձ հալածողներն ու նեղություն տվողները, բայց ես դուրս չեմ գալիս քո օրենքից։
158
Ես տեսնում եմ քո դեմ ապստամբածներին և զզվում եմ նրա համար, որ չեն պահում քո խոսքը։
159
Տե՛ս, որ սիրում եմ քո պատվիրանները, Տե՛ր, քո ողորմության համեմատ ապրեցրո՛ւ ինձ։
160
Քո խոսքի սկիզբը ճշմարտություն է, և հավիտյան են քո բոլոր արդար վճիռները։
161
Իշխաններն իզուր հալածում են ինձ, բայց իմ սիրտը վախենում է քո խոսքերից։
162
Ես ցնծում եմ քո խոսքով, ինչպես մեկը, որ շատ ավար է գտնում։
163
Ատում եմ ստությունը և համարում գարշելի. քո օրե՛նքն եմ սիրում։
164
Օրը յոթ անգամ օրհնում եմ քեզ քո արդար վճիռների համար։
165
Մեծ խաղաղություն կա քո օրենքը սիրողների համար, և գայթակղություն չկա նրանց համար։
166
Տե՛ր, ես սպասում եմ քո փրկությանը և կատարում եմ քո պատվիրանները։
167
Իմ անձը պահում է քո վկայությունները, և ես շատ եմ սիրում դրանք։
168
Ես պահում եմ քո պատվիրաններն ու վկայությունները, որովհետև իմ բոլոր ճանապարհները քո առաջ են։
169
Տե՛ր, թող իմ աղաղակը մոտ գա քո առջև. քո խոսքի համեմատ իմաստո՛ւն դարձրու ինձ։
170
Թող իմ աղաչանքը հասնի քո առջև. քո խոսքի համեմատ փրկի՛ր ինձ։
171
Իմ շրթունքները օրհնություն են բխում, որ ինձ սովորեցնես քո հրամանները։
172
Իմ լեզուն թող խոսի քո խոսքի մասին, որովհետև քո բոլոր պատվիրաններն արդար են։
173
Ձեռքդ թող օգնական լինի ինձ, որովհետև ես ընտրում եմ քո պատվիրանները։
174
Տե՛ր, ես ցանկանում եմ քո փրկությունը, և քո օրենքն է իմ ուրախությունը։
175
Իմ անձը թող ապրի և օրհնի քեզ, և ինձ թող օգնեն քո իրավունքները։
176
Ես մոլորվեցի ինչպես կորած ոչխար. եկ փնտրի՛ր քո ծառային, որովհետև ես չմոռացա քո պատվիրանները։
← Chapter 118
Chapter 120 →