bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-2018
/
Amos 9
Amos 9
armenian-2018
1
Տիրոջը տեսա զոհասեղանի կողքին կանգնած, և ասաց. «Հարվածի՛ր խոյակներին, որպեսզի շեմերը դողան, և փշրի՛ր դրանք նրանց բոլորի գլխի վրա։ Նրանց մնացորդին սրով պիտի սպանեմ, նրանցից և ոչ մեկը չի փախչելու, և նրանցից ոչ մեկը չի ազատվելու։
2
Եթե նրանք փորեն ու մեռելների աշխարհն անցնեն, իմ ձեռքն այնտեղից պիտի վերցնի նրանց. եթե երկինք իսկ բարձրանան, այնտեղից պիտի իջեցնեմ նրանց։
3
Եվ եթե Կարմեղոսի գլխին թաքնվեն, պիտի փնտրեմ և այնտեղից վերցնեմ նրանց, և եթե իմ աչքից թաքնվեն ծովի խորքում, այնտեղ օձին պիտի հրամայեմ, և նա պիտի կծի նրանց։
4
Եվ եթե նրանք գերի գնան իրենց թշնամիների առաջ, այնտեղ սրին պիտի հրամայեմ, և այն պիտի սպանի նրանց։ Եվ իմ աչքը նրանց վրա պիտի հաստատեմ չարիքի համար և ոչ թե բարիքի համար»։
5
Եվ Զորքերի Տեր Աստված, ով դիպչում է երկրին, և այն հալվում է, և նրանում բոլոր բնակվողները՝ սգում, և նա ամբողջությամբ բարձրանում է Նեղոսի պես և իջնում կրկին Եգիպտոսի Նեղոսի պես։
6
Նա, որ երկնքում է շինում իր վերնատները և իր կամարը երկրի վրա հաստատում. նա, որ կանչում է ծովի ջրերին և նրանց թափում երկրի մակերեսին, Տեր է նրա անունը։
7
«Մի՞թե դուք եթովպացիների որդիների պես չեք ինձ համար, ո՛վ Իսրայելի որդիներ,- ասում է Տերը,- չէ՞ որ Իսրայելին հանեցի Եգիպտոսի երկրից, փղշտացիներին՝ Կափթորից և արամեացիներին՝ Կիրից։
8
Ահա Տեր Աստծու աչքերն այդ մեղավոր թագավորության վրա են, և ես նրանց պիտի վերացնեմ երկրի երեսից, միայն թե բոլորովին չեմ վերացնելու Հակոբի տունը,- ասում է Տերը,-
9
որովհետև ես ահա հրամայում եմ և Իսրայելի տունը պիտի մաղեմ բոլոր ազգերի մեջ, ինչպես որ մաղով է մաղվում, և ոչ մի հատիկ գետնին չի ընկնում։
10
Սրով պիտի մեռնեն իմ ժողովրդի բոլոր մեղավորները, որոնք ասում են. “Չարքը մեզ չի հասնի և մեր առաջ չի գա”»։
11
«Այդ օրը պիտի կանգնեցնեմ Դավթի ընկած տաղավարը և պիտի նորոգեմ նրա ճեղքերը, պիտի վերականգնեմ և այն պիտի վերակառուցեմ վաղեմի օրերի պես,
12
որպեսզի նրանք տիրանան Եդովմի մնացորդին և այն բոլոր ազգերին, որոնք կոչվում են իմ անունով»,- ասում է Տերը, որ այս բաներն է անում։
13
«Ահա օրեր են գալու,- ասում է Տերը,- երբ հերկողը պիտի հասնի հնձողին, խաղող տրորողը՝ սերմնացանին, սարերը քաղցու պիտի կաթեցնեն, և բոլոր բլուրները պիտի հալվեն։
14
Եվ ես իմ Իսրայել ժողովրդին կվերադարձնեմ գերությունից, և նրանք կկառուցեն ավերակ քաղաքները և կբնակվեն նրանցում, այգիներ կտնկեն և կխմեն նրանց գինին, պարտեզներ կաճեցնեն և կուտեն նրանց պտուղները։
15
Եվ ես նրանց պիտի տնկեմ իրենց երկրի վրա, և նրանք այլևս չպիտի խլվեն իրենց երկրից, որը ես եմ տվել իրենց»,- ասում է Տերը՝ քո Աստվածը։
← Chapter 8